Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք (տեսանյութ)
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Նոյեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին ու հայտնել, որ իրերը տեղափոխելիս նռնակ է գտել, ապա ժամանած ոստիկաններին է ներկայացրել պայթուցիչով նռնակը։
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում արձանագրվել է երկու դեպք։ Նոյեմբերի 26-ին մի երիտասարդ ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարներով և՛ երկփողանի, և՛ մեկփողանի «ԻԺ» տեսակի հրացաններ՝ ընդհանուր 8 հատ, որոնք նախատեսված են 12մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։
Նոյեմբերի 27-ին Մուշի բաժին եկած 39-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնել է նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակներ և ինքնաձիգի 5․45մմ տրամաչափի 90 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք գտել է խորդանոցը մաքրելիս։
Նոյեմբերի 27-ին ապօրինի զենքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։ Ջուջևան գյուղի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ բաժին է բերել երկփողանի հրացան՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։









