Պուտինը պատմել է Սիրիայում քրդերի կողմից ռուսական զորքերի ստացած աջակցության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին նկատվող դրական փոփոխությունները կատարվում են նաև քրդերի աջակցության շնորհիվ: Այս մասին տեղեկացնում է vesti.ru կայքը:
Պուտինը նշել է, որ քրդերը «հոգով ու սիրով» են վերաբերում ռուս ռազմական ոստիկաններին, քանի որ հասկանում են`նրանք եկել են իրենց պաշտպանելու:
Իր հերթին քրդերի ազգային-մշակութային դաշնային ինքնավարության խորհրդի ղեկավար Ֆարհաթ Պատիևը բողոքել է, որ ԶԼՄ-ներում հայտնվել են որոշ փորձագետներ, ովքեր վիրավորում են քուրդ ազգին:
ՌԴ նախագահը անդրադարձել է Պատիևի բողոքին և ասել. «Ես չգիտեմ՝ ով ինչ է խոսել, ինչ անհեթեթություններ են այդ ալիքում: Կարծում եմ, որ մարդիկ պետք է բավարար ողջամտություն ունենան հասկանալու, որ դա ոչ մի ընդհանուր բան չունի ռուսական իշխանությունների պաշտոնական դիրքորոշման հետ»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո, և սկսվել ՝ ռուս-թուրքական համատեղ պարեկությունը:









