Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ինտերպոլը Մեծ Բրիտանիային կտրամադրի ցանկացած օգնություն
Լոնդոնում 2 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Ինտերպոլը պատրաստ է Մեծ Բրիտանիայի իշխանություններին տրամադրել ցանկացած օգնություն, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Իմ մտքերը լոնդոնյան կամրջին տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի և նրանց ընտանինքերի հետ է: Երախտապարտ եմ հասարակության ներկայացուցիչների ցուցաբերած համարձակության և արագ արձագանքման համար: Մենք կտրամադրենք ցանկացած օգնություն, ինչ էլ խնդրեն Միացյալ Թագավորության իշխանությունները»,- գրել է Շտոկը թվիթերյան իր էջում:
Արդեն հայտնել էինք, որ լոնդոնյան կամրջի հարևանությամբ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա:
«Բերման է ենթարկվել տղամարդ: Ինչպես հասկանում ենք, մի քանի մարդ վիրավորվել է»,-ասված է լոնդոնյան ոստիկանության տարածած հայտարարությունում:
Տվյալների համաձայն տուժածները հինգն են:
Սկզբում հայտարարվել էր Լոնդոնյան կամրջի վրա դանակով զինված անձի ուղղությամբ ոստիկանության կողմից կրակ բացելու մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ բռնել է հարձակում գործած անձին:
Ականատեսները սոցիալական կայքերում տեսանյութ են տարածել, որում մի քանի մարդիկ կռվում են գետնին ընկած անձնավորության հետ: Ավելի ուշ ժամանել է զինված ոստիկանությունը, բաժանել է նրանց և զգուշացումից հետո կրակել հարձակում գործած անձի ուղղությամբ:









