Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ուժերի ուղղությամբ
Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ուժերի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական տարածքների ուղղությամբ իրականացրած հրթիռակոծության: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
«Այս երեկո Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Դրան ի պատասխան ՑԱԽԱԼ-ի ՌՕ ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի՝ պաղեստինյան անկլավի հյուսիսային հատվածում գտնվող ռազմական դիրքի ուղղությամբ»,- ասվում է իսրայելական բանակի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածի պաղեստինցի ծայրահեղականները երկու հրթիռ են արձակել իսրայելական տարածքների ուղղությամբ: Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդել էր Իսրայելի պաշտպանության բանակը:
«Երկու հրթիռները Գազայի հատվածից արձակվել են իսրայելական տարածքների ուղղությամբ: Դրանցից մեկը կալանվել է «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով»,- նշվում էր հայտարարությունում:
Նոյեմբերի 16-ին նույնպես Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր Գազայի հատվածից հրթիռակոծման մասին: Հրթիռները, որոնք արձակվել էին Բեէր Շևա քաղաքի ուղղությամբ, կրկին կալանվել էին «Երաթե գմբեթ»-ի օգնությամբ:









