73 տարեկանում մահացել է «Լոլիտա» ֆիլմի աստղ Սյու Լայոնը
73 տարեկանում մահացել է «Լոլիտա» ֆիլմի աստղ Սյու Լայոնը, գրում է Fox news-ը:
Նրա դուստրը՝ Նոնան, հայտնել է, որ դերասանուհին մահացել է նախորդ հինգշաբթի առավոտյան՝ Հյուսիսային Հոլիվուդի ծերանոցում:
«Տարիներ շարունակ նրա առողջականը դեպի վատն էր գնում, ինչը հանգեցրեց նրա մահվանը»,- հայտնել է Նոնան:
Նա հավելել է, որ մոր կորստյան ցավը ցանկանում են սգալ առանց կողմնակի մարդկանց ներկայության:
«Մենք խնդրում ենք երկրպագուներին, որոնց նա շատ էր սիրում, այս պահին հարգել մեր որոշումը»,- հավելել է նա:
1946 թվականի հուլիսի 10-ին Այովա նահանգում ծնված դերասանուհին հետագայում տեղափոխվել է Դալաս, սակայն ի վերջո հաստատվել է Լոս Անջելեսում:
Վլադիմիր Նաբոկովի հայտնի «Լոլիտա» ստեղծագործության հիման վրա Սթենլի Կուբրիկի էկրանավորման մեջ Լայոնը 14 տարեկանում ստացել է իր առաջին գլխավոր դերը:
Այդ դերի համար պայքարել է ավելի քան 800 աղջիկ:
«Լոլիտա»-ից հետո Լայոնը հանդես է եկել The Night of the Iguana, Tony Rome, Evel Knievel և այլ ֆիլմերում:
1963 թվականին «ամենահեռանկարային սկսնակ դերասանուհի» անվանակարգում նա արժանացել է «Ոսկե գլոբուսի»:













