Միայն համերաշխ հասարակությունը կարող է առաջ ընթանալ, քանի կան բաժանարար գծեր, ատելություն, մենք հաջողության ակնկալիք ունենալ չենք կարող. Հովիկ Չարխչյան

19:42 • 31.12.19

Անցնող տարում  պետության ակտիվ մասնակցությունը նկատելի չէր մշակութային կյանքում, այն բոլոր դրսևորումները, որոնք նախորդ տարվա ընթացքում կային, անհատական, մասնավոր էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սևակագետ Հովիկ Չարխչյանը՝ ամփոփելով 2019-ի մշակութային կյանքը:

Պետության ֆինանսավորմամբ մի քանի զվարճանք-միջոցառումներ եղան, որոնք ավելի շատ հանրային միջոցառումներ էին հիշեցնում, քան մշակութային որևէ լուրջ գործողություններ: «Չնայած դրան՝ արվեստի գրեթե բոլոր ճյուղերում որոշակի առաջընթաց կար, բավականին նոր գրքեր գրվեցին, նոր անուններ ի հայտ եկան, թարգմանական գրականության իմաստով բավականին առաջընթաց կար, հրատարակչական գործունեության մեջ շատ նշանակալի ձեռքբերումներ կային: Արձանագրվեց ընթերցողների բավականին նշանակալի աճ, և մեր հանրության հատկապես երիտասարդության հետաքրքրությունը գրականության նկատմամբ բավականին աճել է: Ես դա համարում եմ կարևոր ձեռքբերում»,-ասաց նա:

Հովիկ Չարխչյանը նշեց, որ այս պահին մշակույթը պետության առաջնահերթություններում չի տենում, հետևողական աշխատանք չի եղել: «Մենք պետք է հաշվի նստենք մեր հասարակության ներսում ձևավորված ավանդույթների, արժեհամակարգերի հետ և մեր մշակութային ոլորտում ձեռնարկվելիք քայլերը համապատասխանեցնենք այդ արժեքներին: Երբ մենք ծայրահեղ բաներ ենք անում, բնական է, որ ծայրահեղ արձագանքների պետք է արժանանանք, մասնավորապես մետրոյի կայանում տեղի ունեցած ներկայացումը, որը ներկայացվեց իբրև մշակութային գործողություն: Հասարակության արձագանքի հետ պետք է անպայման հաշվի նստել, չի կարելի անտեսել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ պետության կարևորագույն քայլերից մեկը պետք է լինի հանրության պահանջները հաշվի առնելը և իր քաղաքականությունը ըստ այդ պահանջների ձևավորելը, այդ դեպքում կոնֆլիկտները, հակասությունները քիչ կլինեն:

Ինչ վերաբերում է ատելության մթնոլորտին, ապան ըստ նրա, բոլորս էլ հասկանում ենք, որ այսպես շարունակել չի կարելի: «Կա բավականին ծայրահեղացված վերաբերմունք այլակարծության նկատմամբ, անընդունելի երևույթ ենք համարում հանրությունը սևերի և սպիտակների բաժանելու այդ տխրահռչակ կարգախոսը, և բոլորիս երազանքը մեկն է. ձևավորել հաշտ, համերաշխ, փոխադարձ հարգանքով լցված հանրություն: Միայն այդ դեպքում հասարակությունը կարող է առաջ ընթանալ, քանի կան այդպիսի բաժանարար գծեր, քանի կան ատելության, անհանուրժողականության նման դրսևորումներ, մենք որևէ հաջողության ակնկալիք ունենալ չենք կարող, պետք է հաշտեցնել հասարակության բոլոր խմբերին, պետք է ստեղծել տանելի դաշտ, պետք է վերացնել այդ անհանդուրժողականությունը: Մարդը ազատ է իր կարծիքը արտահատելիս, և  չի կարելի նրան դատափետել, տրորել միայն նրա համար, որ նա ասել է մի բան, ինչը քեզ համար անընդունելի է, այդ պարագայում ոչ մի հաջողղություն չենք ունենա»,-ասաց նա:

Հովիկ Չարխչյանը նշեց, որ նոր տարին հետաքրքիր խորհուրդ ունի, մարդիկ հանրագումարի են բերում այն ամենը, ինչ կատարվել է մեկ տարում և փորձում են հասկանալ որտեղ վրիպեցին, որտեղ հաջողեցին: «Այս իմաստով շատ լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մարդ առանձին խորհի իր անելիքների մասին և հասկանա, թե որն է այն ճանապարհը, որով պետք է շարունակի անցնել , և ինչն է, որ պետք է թողնի անցյալում»,-ասաց նա:

Միայն համերաշխ հասարակությունը կարող է առաջ ընթանալ, քանի կան բաժանարար գծեր, ատելություն, մենք հաջողության ակնկալիք ունենալ չենք կարող. Հովիկ Չարխչյան