Ալ Պաչինոն պատմել է իր մասնակցությամբ նոր՝ «Որսորդները» սերիալի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
Հոլիվուդի լեգենդ, ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան և ռեժիսոր Ալ Պաչինոն երկրպագուներին պատմել է Amazon Studios սթրիմինգային ծառայության եթերով փետրվարին հեռարձակվելիք նոր՝ «Որսորդները» (Hunters) սերիալի մասին, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում, գրում է Daily Mail-ը:
Ալ Պաչինոյին է միացել նաև սերիալի ստեղծագործական կազմը՝ Լոգան Լերմանը, Ջերիկա Հինթոնը, սցենարիստ/ պրոդյուսեր՝ Նիկի Տոսկանոն և սերիալի ստեղծող/ գործադիր պրոդյուսեր Դևիդ Ուեյլը:
Օսկարակիր դերասանն առաջին անգամ սերիալում հանդես կգա մշտական կազմում, թեև 2003 թվականին հանդես էր եկել «Հրեշտակներն Ամերիկայում» սերիալի որոշ սերիաներում:
Սերիալում գործողությունները ծավալվում են 1977 թվականին, Նյու Յորքում: Այն պատմում է մի թիմի մասին, որը հայտնաբերում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք գաղտնի նացիստներ են և Չորրորդ ռեյխ են հիմնում Ամերիկայում:
Ալ Պաչինոն խաղում է այդ թիմի առաջնորդ Մեյեր Օֆերմանի դերը:
«Այս շոուի նպատակը շատ առումներով այլաբանական պատմության ներկայացումն է, որպեսզի զուգահեռներ անցկացնենք Եվրոպայում 1930-ական և 40-ական թվականների և Միացյալ Նահանգներում 1970-ականների, ինչպես նաև մեր օրերի ռասիզմի, հակասեմականության և այլատյացության միջև»,- հայտնել է սերիալի ստեղծագործական կազմը:
















