Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող ֆրանսիական գործակալությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Էյվազովն իսկապես չի ցանկացել հայուհու հետ ելույթ ունենալ

02:21 • 15.01.20

Ֆրանսիական Agence Massis Opéra գործակալությունը հայտարարություն է տարածել սոպրանո Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հայ օպերային երգչուհու հետ աշխատող գործակալությունն ապացույցներ է ներկայացրել առ այն, որ 2020-ի փետրվարին 7-ին կայանալիք դրեզդենյան օպերային պարահանդեսին Semper Operaball-ի կազմակերպիչները հետաքրքրված են եղել երգչուհու ելույթով։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

«2020 թվականի հունվարի 10-ին մենք ստացել ենք վերջին գրավոր հաղորդագրությունն այն մասին, որ Ռուզան Մանթաշյանի ելույթը չեղարկվում է, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում նրա հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում` էթնիկ պատկանելիության պատճառով, ինչպես և նշել էինք առաջին հաղորդագրությունում»,- գրված է գործակալության հայտարարությունում:

Նշվում է, որ նման իրավիճակը կարող է պայմանավորված լինել Հանս Յոախիմ Ֆրեյի գլխավորած Semper Operaball ընկերության միջև թյուրըմբռնմամբ, և Massis Opéra-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներն անհիմն են։

Ավելի վաղ Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոախիմ Ֆրեյը հայտարարել էր, որ Դրեզդենի օպերան պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ 2020 թվականի փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում ելույթի համար և նույնիսկ այս առումով վերջինիս հետ բանակցություններ չեն ընթացել:

Հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, ևս հերքել էր տարածված տեղեկություններն առ այն, թե ինքը հրաժարվել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում` էթնիկ պատկանելիության պատճառով:

Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող ֆրանսիական գործակալությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Էյվազովն իսկապես չի ցանկացել հայուհու հետ ելույթ ունենալ