«Արա Մալիքյան. կյանք՝ լարերի արանքում». հայազգի ջութակահարի մասին պատմող ժապավենը իսպանական մրցանակաբաշխությանը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել (տեսանյութ)

18:13 • 26.01.20

Իսպանիայում բնակվող և ստեղծագործող ջութակահար Արա Մալիքյանի կյանքի մասին պատմող «Արա Մալիքյան. կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը լավագույն վավերագրական կինոնկարն է ճանաչվել հունվարի 25-ին Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է La Vanguardia-ն, ֆիլմը պատմում է Լիբանանում ծնված հայազգի երաժշտի կյանքի մասին՝ միևնույն ժամանակ ներկայացնելով գաղթի և ներգաղթյալների պատմությունը:

Ֆիլմի ռեժիսոր Նատա Մորենոն, որը նաև նրա կյանքի ընկերն է, հանրահայտ երաժշտի կյանքի պատմությունը լսել է նրա հորից և թույլտվություն ստացել պատմել այն ֆիլմի միջոցով: Մորենոյի խոսքով՝ նրա հայրն այժմ «ուրախ կլիներ՝ իմանալով, որ իր որդին ապրում է ազատ և երջանիկ կյանքով»:   

Ֆիլմում նշերկայացվում է, որ Մալիքյանը Բեյրութից հեռացել է 15 տարեկանում, երբ քաղաքը պատերազմական իրավիճակում էր հայտնվել՝ իր հետ վերցնելով իր միակ ջութակը: Այնուհետև դարձել է շրջիկ երաժիշտ՝ իր արվեստը ցուցադրելով աշխարհով մեկ: Այժմ որպես հանրահայտ ջութակահար նա համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում՝ Լիբանանում, Ֆրանսիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ուրուգվայում և Գերմանիայում:

«Այս ֆիլմը պատմում է ներգաղթյալների կյանքի մասին, որովհետև ես նույնպես նրանցից մեկն եմ: Մեզ փորձում են հավատացնել, որ գաղթականներն են բոլոր դժբախտությունների պատճառը, սակայն հենց ճանապարհորդներն են մշտապես եղել մեր քաղաքակրթության հարստությունը»,- նշել է Մալիքյանը՝ շնորհակալություն հայտնել կնոջը՝ կյանքի 5 տարիները ֆիլմի ստեղծման աշխատանքներին նվիրելու համար:

 

 

ARA MALIKIAN: UNA VIDA ENTRE LAS CUERDAS, Nata Moreno [TRAILER en castellano] from FREAK Independent Film Agency on Vimeo.

«Արա Մալիքյան. կյանք՝ լարերի արանքում». հայազգի ջութակահարի մասին պատմող ժապավենը իսպանական մրցանակաբաշխությանը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել (տեսանյութ)