Վարչապետն իր էներգիան և ռեսուրսներն ուղղել է ընդդեմ մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի. պարոն վարչապետ, ի վերջո, Հայաստանում գոյություն ունի՞ իշխանությունների տարանջատման սկզբունք, թե՞ ոչ. Անի Սամսոնյան

17:00 • 30.01.20

ՀՀ վարչապետն իր էներգիան և ռեսուրսներն այսօր ուղղել է ընդդեմ մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի: Պարոն վարչապետ, ի վերջո Հայաստանում գոյություն ունի՞ իշխանությունների տարանջատման սկզբունքը, թե՞ ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության»՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ռեպորտաժին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այն «Ֆեյսբուքում» տարածելուն:

«Տարօրինակ եմ համարում այն փաստը, որ վարչապետը զբաղվում է մեկ մարդու հարցով, ոչ թե դատական համակարգի բարեփոխումներով»,-նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Հանրային հեռուստաընկերության» «Լուրեր» հաղորդաշարի թողարկմանը հեռարձակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը «Ֆեյսբուքի» իր էջում տարածել էր Նիկոլ Փաշինյանը՝ կից գրառելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

Վարչապետի գործողությունը, բազմաթիվ իրավապաշտպանների, հասարակական-քաղաքական գործիչների կարծիքով, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանության տարանջատման ու հավասարակշռման սկզբունքին:

«Վերջերս, երբ Ազգային ժողովում քննարկում էինք քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը, որը վերաբերում էր Երևանի քաղաքապետարանի և մասնավոր կազմակերպության միջև կատարված գործարքներին, վարչապետը մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ ի վերջո գոյություն ունի Հայաստանում իշխանությունների տարանջատման սկբո՞ւնքը, թե՞ ոչ: Հիմա նույն հարցը ես կարող եմ ուղղել վարչապետին՝ ի վերջո, Հայաստանում գոյություն ունի՞ իշխանությունների տարանջատման սկզբունքը, թե՞ ոչ»,- նշեց Անի Սամսոնյանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ «Հանրային հեռուստաընկերության» ռեպորտաժում խախտվում է անմեղության կանխավարկածը, որը պատգամավորի կարծիքով զարմանալի չէ:

«Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, որ հետհեղափոխական Հայաստանում անձի անմեղության կանխավարկածը շատ դեպքերում խախտվում է և սա վատ պրակտիկա է, որին պետք է հետևեն թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքացիները: Ստացվում է, որ մարդու սահմանադրական իրավունքը Հայաստանում ոտնահարվում է»,- նշեց Անի Սամսոնյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ «Հանրային հեռուստաընկերությունը» շարունակում է գործող իշխանության համար լինել քարոզչամիջոց:

«Ես դա նկատել եմ մի քանի եթերում, որոնց ինքս ներկա եմ եղել: Նկատել եմ ընդդիմության նկատմամբ կողմնակալ վերաբերմունք: Լավ կլինի, որ «Հանրային հեռուստաընկերությունը» ևս ցուցաբերի օբյեկտիվ մոտեցում խնդիրներին, որովհետև ի վերջո այն սնվում է հանրության միջոցներով»,- ասաց նա: