Հարավային Կորեան հայտնել է նոր կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին
Հարավային Կորեան հինգշաբթի հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին, գրում է Associated Press-ը:
Դեգու քաղաքի քաղաքապետը 2,5 միլիոն բնակչությանը կոչ է արել դուրս չգալ տներից, քանի որ եկեղեցական հավաքների պատճառով վարակները սրվել են:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական կենտրոնները հայտնել են, որ 63-ամյա հարավկորեացի տղամարդը մահացել է հիվանդանոցում: Պաշտոնյաները նշել են, որ նա երկար ժամանակ շիզոֆրենիայի պատճառով հոսպիտալացված է եղել և վերջերս թոքաբորբի ախտանշաններ ուներ:
Կենտրոնը նաև հայտնել է վարակման 22 նոր դեպքի մասին: Այս նոր դեպքերից 21-ը գրանցվել են Դեգու քաղաքում, որտեղ քաղաքապետը հինգշաբթի կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը և հնարավորության դեպքում դիմակներ կրել նույնիսկ տանը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանի Հուբեյ նահանգում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2144-ի: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62 422-ի:










