Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի
Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 150-ը, որոնցից 2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, գրում է ria.ru-ն:
«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակով վարակման 77 հազար 150 հաստատված դեպքի մասին, 24 հազար 734 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2592-ը մահացել են»,-ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 409 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1846 մարդ, մահացել է 150 մարդ, գրանցվել է ևս 620 դեպք՝ կորոնավիրուսի կասկածով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել:










