Գևորգ Պետրոսյանն առաջարկում է՝ սահմանադրական կարգը տապալելու դեպքում չլինի պատասխանատվության վաղեմության ժամկետ, կառավարությունը դեմ է. քննարկում

11:53 • 30.04.20

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է՝ փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և սահմանել, որ սահմանադրական կարգի տապալման համար չլինի քրեական պատասխանատվության վաղեմություն:

Հարցը քննարկվում է ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

«Այսինքն՝ 20-30 տարի հետո էլ, եթե բացահայտվեց այս կամ այն պաշտոնատար անձը մեղավոր է այս հանցագործության մեջ, ապա պետությունն ի դեմս իրավապահ մարինների՝ որևէ արգելող հանգամանք, խոչընդոտ չունենա այդ անձանց նկատմամբ մեղադրանք ներկայացնելու, քրեական պատասխանատվություն հարուցելու, մեղավոր ճանաչելու և պատժելու համար: Այդ արարքներից մեկը, իմ՝ որպես նախագծի հեղինակի, անպայման պետք է ներառել վաղեմություն չճանաչող արարքների մեջ, դա սահմանադրական կարգի տապալումն է»,- ասաց Պետրոսյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ առաջարկել է, որ Քրեական օրենսգրքում կատարվի փոփոխություն, համաձայն որի՝ սահմանադրական կարգի տապալման համար որևէ ժամկետ չսահմանվի, և անկախ նրանից, երբ է դա կատարվել, դրանում մեղավոր անձանց պետությունը հնարավորություն ունենա ենթարկելու քրեական պատասխանատվության:

«Հասկանալով, որ առաջարկս կարող է մեծ հնչեղություն ունենալ, բուռն քննարկումների տեղիք տալ, ինչպես իմ ներկայացրած ցանկացած օրինագիծը, ես քննարկել եմ իրավաբանական աշխարհի հետ, բոլորն էլ միաբերան դրական են արտահայվել: Սահմանադրական կարգի տապալումն այն հոդվածն է, որում մեղավոր անձի համար օրենքը վաղեմություն չպետք է ճանաչի»,- ասաց նա:

Անդրադառնալով կառավարության դիրքորոշմանը՝ Պետրոսյանը նշեց, որ այն բացասական է: «Բացարձակապես հեգնելու ցանկություն չունեմ, բայց ինչպես միշտ է եղել, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, իմ բոլոր նախագծերին, քանի որ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, ես՝ որպես պատգամավոր, հարկ եմ համարում հնչեցնել իրենց տեսակետը: Հիմնականում պատճառաբանությունն այն է, որ իրենք չեն ընդունում նախագիծը, քանի որ դա պատերազմի հետ չի կապված, դա մարդկության ու խաղաղության դեմ ուղղված հանցագործություն չէ, դրա համար էլ նպատակահարմար չէ՝ քրեական պատասխանատվությունը հանվի: Կառավարությունն ասում է՝ ադքան ժամանակ որ գնա, ապացույցները կհնանան, ապացուցման միջոցները կարող են անպետք դառնալ, վկաներն էլ ծերանալ: Նման պատճառաբանություններ են բերել»,- ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ իրեն միջանցքներում հարց են տալիս, թե ում դեմ է սա ուղղված: Նա հավաստիացրեց, որ երբեք անձանց դեմ օրինագծեր չի ներկայացնում: Նա խնդրեց հավատալ, որ սա չի արվում ինչ-որ նախկին դեպքի համար, սա ուղղված է ապագային, որ որևէ պաշտնյա՝ անկախ կարգավիճակից, իր այդ պահի զգացողություններից և ինքնազգացողություններից, առանձին դեպքում նաև ինքնախաբեություններից, մի պահ սառնասրտորեն կանգնի ու հասկանա՝ եթե ինքը հանդգնի խախտել սահմանադրական կարգը, ապա եթե ոչ այդ իշխանությունը, ապա գալիք իշխանությունները հնարավորություն կունենան քննարկելու նրանց վարքագիծը: