Առողջական խնդիրների պատճառով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է հրաժարական տալու մասին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իշխող կոալիցիային հայտնել է հրաժարական տալու որոշման մասին, հայտնում է ria.ru-ն: Մինչ նրա իրավահաջորդի նշանակումը, նա կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին Ճապոնիայի վարչապետի առողջական վիճակի վատթարացման մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մի քանի օրվա մեջ երկրորդ անգամ դիմել էր բժիշկների օգնությանը, ինչը նրա առողջական վիճակի վերաբերյալ անհանգստության տեղիք էր տվել:
65-ամյա Աբեն օրերս այցելել է Տոկիոյի Քեյո համալսարանական հիվանդանոց, որտեղ երեք ժամ անցկացրել է բժիշկների հետ: Անցած երկուշաբթի վարչապետը բժշկական հաստատությունում գտնվել է ավելի քան 7 ժամ։
Իր առողջական վիճակի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակումները հանդարտեցնելու համար Ճապոնիայի վարչապետն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ վերադարձել է բժշկի, որպեսզի պարզի մեկ շաբաթ առաջ տված հետազոտությունների արդյունքները։
Ճապոնական Nippon TV հեռուստաընկերությունը հայտնել էր, որ չնայած Աբեի հայտարարությանը, թե նա հիվանդանոցում է եղել հետազոտվելու նպատակով, իրականում նա այնտեղ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ քրոնիկական հիվանդության դեմ բուժում է ստանում։
Ճապոնիայի վարչապետը նախկինում հրապարակավ խոստովանել է, որ քրոնիկական հիվանդություն ունի, նույնիսկ հրաժարական է տվել 2007 թվականին՝ իր առաջին պաշտոնավարման ժամկետի ընթացքում, երբ առողջական վիճակի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ղեկավարել երկիրը։ Նա կրկին քաղաքական ասպարեզ է վերադարձել 2012-ին։
Նշենք, որ նրա հայրը՝ Սինտարո Աբեն, եղել է Ճապոնիայի ԱԳ նախարարը, պապը՝ Նոբուսուկե Կիսին՝ երկրի վարչապետ:










