Կառավարությունն անում է հնարավոր ամեն բան. Բաբկեն Թունյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողների խնդրի մասին (տեսանյութ)
Խնդրել եմ, որ կազմեին ցուցակ բոլոր այն մարդկանց անուններով, որոնք Հայաստանում գիշերակացի խնդիր ունեն, սակայն ինձ որևէ ցուցակ չեն տվել, սպասեցի, որևէ մեկը չեկավ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների պահանջների մասին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի դիմաց էին հավաքվել ՌԴ մեկնել ցանկացողները, որոնք տևական ժամանակ է բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, բայց որևէ լուծում դեռ չի տրվել խնդրին։
Բաբկեն Թունյանը նշեց, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է խմբակցության նիստից հետո, սակայն ըստ նրա՝ խնդրին ծանոթ են, բայց քաղաքացիների պահանջները չեն հասկացել, քանի որ խնդրի լուծման վերաբերյալ արդեն բանակցություններ են ընթանում:
«Հենց այդ օրը ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ մարդասիրական նպատակներով, ընտանիքների վերամիավորման նպատակներով նրանք թույլ կտան, որպեսզի քաղաքացիները մուտք գործեն ՌԴ: Քաղաքացիների հիմնական խնդիրը դա էր և բացառությունները կլինեն»,- ասաց նա:
Արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների մասով՝ պատգամավորը նշեց, որ իրենց հետ չեն հանդիպել: Նա ներկայացրեց, որ ըստ ակցիայի մասնակիցների՝ շատերը գիշերակացի խնդիր են ունեցել, քանի որ գումարները վերջացել են, հյուրանոցում կամ բարեկամի տանը չեն կարողացել մնալ, նա խնդրել է, որպեսզի ցուցակագրեն գիշերակացի խնդիր ունեցողների անունները և փոխանցեն իրեն, սակայն ոչ ոք չի մոտեցել:
«Այսօր չեմ մոտեցել, բայց ինձ համար զարմանալի էր, թե ինչու չեկան, եթե իրենց խնդիրն այդքան հրատապ էր: Երկու անգամ ճշտեցինք ժամն էլ, տեղն էլ: Իմ կարծիքով՝ խնդիրն այնքան պարզ է, հիմա նրանք համոզված են, որ իրենց խնդիրը կարևորվում է, ինչ քայլ Կառավարությունից հասնում է, նրանք ձեռնարկում են: Պրոցեսը կախված չէ ակցիայի շարունակել-չշարունակելու հետ»,- նշեց Բաբկեն Թունյանը և հավելեց, որ վերջնական որոշումը ՀՀ-ից կախված չէ: Պատգամավորը նշեց՝ ՀՀ-ի կողմից արգելք չկա, արգելքն ընդունողի կողմից է:
Հարցին, թե արտակարգ դրությունը կարանտինի փոխարինելը կարո՞ղ էր արդյոք խնդիր լուծել, նա արձագանքեց, այստեղ խնդիրը ոչ թե իրավիճակի անվանումն է, այլ ցուցանիշները:
Մանրամասները՝ տեսանյութում։










