Եվրամիությունը Նավալնիի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես սպանության փորձ

14:40 • 15.09.20

Եվրամիությունը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես սպանության փորձ, դատապարտում է քիմիական զենքի օգտագործումը և Ռուսաստանին կոչ է անում հետաքննության հարցում համագործակցել ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն) հետ: Այս մասին Եվրախորհրդարանի նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք այդ թունավորումը դիտարկում ենք որպես սպանության փորձ։ Մենք դատապարտում ենք քիմիական զենքի ցանկացած կիրառում և կոչ ենք անում Ռուսաստանին հետաքննություն անցկացնելու հարցում ամբողջ ծավալով համագործակցել ՔԶԱԿ-ի հետ»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքում «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութերի պաշարներ չկան։

«Դրանք (մարտական թունավոր նյութերը) ոչնչացվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության արձանագրությունների և կանոնակարգման համաձայն․ դա իրականացվել է սահմանված կարգով։ Ուստի, հայտարարություններն առ այն, թե Ռուսաստանի տարածքում կա մարտական թունավոր նյութերի արտադրություն կամ հին պաշարներ, իհարկե, ապատեղեկատվություն են»,- ասել էր նա։

ՌԴ հետախուզության ղեկավարը նաև պնդել է, որ Նավալնիի օրգանիզմում երկրից դուրս գալու պահին թունավոր նյութեր չեն հայտնաբերել։

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապօգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: