Նաիրա Զոհրաբյանն ԱԺ է բերում համացանցում քննարկվող, աղմուկ առաջացնող օրակարգեր, և այդ աղմուկն աշխատում է մեծացնել այնքանով, որքանով իրեն ձեռնտու է. Արփինե Դավոյան (տեսանյութ)
Արդեն որերորդ անգամ Նաիրա Զոհրաբյանն այս ամբիոնից և ահասարսուռ ձայնով սարսափելի մտքեր է արտահայտում ինչ-որ երևույթների վերաբերյալ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով Զոհրաբյանի կողմից աշակերտների լուսանկարների ցուցադրմանը, որոնցում, ըստ Զոհրաբյանի, աշակերտները ռազմագերիների նման են:
«Այսօր նա ներկայացրեց նկարներ, որոնցում երեխաներ են, որոնք բռնած էին մի թելից, որի վրա կային ժապավեններ, որոշակի հեռավորության վրա երեխաները բռնել էին այդ ժապավենից: Երևի ուսուցիչն այդպես էր նշել, որ երեխաները պահեին սոցիալական հեռավորություն: Կարծում եմ, որ այս հակահամաճարակային պայմաններում, երբ ուսուցիչները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ երեխաները գոնե հետաքրքրությամբ հետևեն կանոններին, այս ուսուցիչը մտածել էր՝ գուցե երեխաներին այդպես ավելի հետաքրքիր կլինի»,-ասաց Դավոյանը, ապա շարունակեց․
«Նաիրա Զոհրաբյանի որակմամբ՝ երեխաները ռազմագերիների նման էին կանգնած, ձեռքերը՝ վեր բարձրացրած, ու ուսուցիչը պետք է անցներ հարձակման, մինչդեռ երեխաները պետք է ջերմաչափվեին»:
Անդրադառնալով Զոհրաբյանի հարցին՝ ինչու են կատարում այդ հանձնարարականները, պատգամավորն ասաց, թե դա ասում է մի պատգամավոր, որի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կազմվել է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրում է կորոնավիրուսի հետ կապված խնդիրները:
Դավոյանը նաև հիշեցրեց, թե նախորդ տարի էլ Զոհրաբյանը Սևանա լճի կանաչելու թեմայով էր հայտարարություն արել, Սևան գնացել, ապա ասաց. «Տիկին Զոհրաբյանն այստեղ բերում է այնպիսի օրակարգեր, որոնք քննարկվում են համացանցում, աղմուկ են առաջացնում, և ինքն այդ աղմուկը աշխատում է մեծացնել այնքանով, որքանով իրեն ձեռնտու է»:










