Ոստիկանության և Արդարադատության ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր (տեսանյութ, լուսանկարներ)
Սեպտեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Բացման խոսքում արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշել է, որ Ոստիկանության հետ համագործակցությունը եղել է բավական արդյունավետ, իսկ հետայսու այն ավելի կամրապնդվի ու կզարգանա:
Վահե Ղազարյանը շնորհավորել է ակադեմիայի հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, կարևորեց կառույցի գործունեությունը՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Ընդգծելով փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ ոստիկանության պետը նշել է, որ այն հնարավորություն կտա ձևավորել գործնական շփումների միջավայր հատկապես կրթական ոլորտում, ինչը կնպաստի ոստիկանության ծառայողների և ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը:
Միջոցառման ավարտին արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Արդարադատության ակադեմիայի և Ոստիկանության միջև համագործակցության արդյունավետ զարգացման գործում ներդրած ավանդի համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պարգևատրել է Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով:
![]()
![]()










