«Կարոտում եմ ձեզ». Նավալնին հոսպիտալացումից հետո առաջին լուսանկարն է հրապարակել (լուսանկար)

14:46 • 15.09.20

Բեռլինի Charite կլինիկայում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին ինսթագրամյան իր էջում կոմայից դուրս գալուց հետո առաջին լուսանկարն է հրապարակել: 

«Ողջույն, Նավալնին է: Կարոտում եմ ձեզ: Դեռևս ոչինչ չեմ կարողանում անել ինքս, բայց երեկ ամբողջ օրն ինքս եմ շնչել: Լրիվ ինքնուրույն: Ոչ մի կողմնակի օգնություն...Շատ հավանեցի: Զարմանալի, շատերի կողմից թերագնահատված գործընթաց է: Խորհուրդ եմ տալիս»,- ասվում է նրա էջում տեղ գտած հրապարակման մեջ: 

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապօգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Նավալնին Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում հրաժարվել է իր թունավորման գործի հետաքննության շրջանակում համագործակցել ռուսական կողմի հետ:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Алексей Навальный (@navalny) on