«Ամերիկացի զինծառայողները զոհվել են Իրանում». Բայդենը ելույթի ժամանակ շփոթել է Իրաքն ու Իրանը (տեսանյութ)

09:27 • 16.09.20

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Ֆլորիդայի Տամպա քաղաքում ելույթի ժամանակ շփոթել է Իրանն ու Իրաքը, գրում է Washington Examiner-ը։

«ԱՄՆ զինծառայողները զոհվել են Իրանում և Աֆղանստանում։ Այդ ընկած հրեշտակներից յուրաքանչյուրն իր ընտանիքն էր թողել։ Այժմ ընտանեկան սեղանի շուրջ ազատ տեղ կա»,- ասել է նա։

Քիչ անց Բայդենն ուղղել է իրեն՝ ընդգծելով, որ ԱՄՆ զինծառայողները զոհվել են Իրաքում և ոչ թե Իրանում։

ԱՄՆ-ն տարբեր տարիներին Իրաքում իրականացրել է «Փոթորիկը անապատում» (1991թ.) և «Աղվեսն անապատում» (1998թ.) գործողությունները:

Բայդենի հաճախակի վրիպակներն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի թեմաներից են։ Հունիսին նա ծաղրել էր Բայդենի՝ Covid-19-ից 120 միլիոն մահացածների մասին խոսքերը։