Կորոնավիրուսի դեմ պայքարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատվել է, «Իմ քայլը» թեև անհասկանալի համարեց հանձնաժողովի ստեղծումը, բայց կողմ քվեարկեց
Այսօր Ազգային ժոդովը ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի հետևանքների մեղման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը և իրավաչափությունը ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ասաց, որ նորություն ասած չի լինի, եթե ասի, որ ամբողջ աշխարհում համավարակը դեռ հաղթահարված չէ: «Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրություններին զերծ պահել վարակից: Հետևաբար մենք մնում ենք այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է, որովհետև այն որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը»,-ասաց նա և նշեց, որ իրենք կառաջադրեն պատգամավորների, որոնք կներգրավեն կազմում:
Այսպիսով նախագիծը դրվեց քվեարկության և միաձայն՝ 110 կողմ ձայնով ընդունվեց։
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ առաջարկում են՝ քննիչ հանձնաժողովն ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2-ը՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: Նա նշել էր, որ այս որոշման հաստատումը իր համար լակմուսի թուղթ է և եթե այն տապալվի, իր համար Հայաստանը կդադարի ժողովրդավար երկիր լինելուց:










