«Այն ժամանակ չեմ արել, որովհետև նրանք հանգստացան և գնացին տներով, եթե շարունակեն, կվերանայեմ գործելաոճս». Արայիկ Հարությունյանը՝ արկղերը ՀՅԴ չարաշահումներով լցնելու մասին

11:53 • 16.09.20

Հանձնաժողովի մեծ մասի հետ ունեմ լավ և շատ լավ հարաբերություններ, հանձնաժողովի հետ քննարկումների և ոլորտի բարեփոխումներում տարաձայնությունների վերաբերյալ խոսել եմ թե՛ ես, թե՛ պարոն Հայրապետյանը, բայց կարծում եմ՝ հատկապես վերջին ամսիներին դրանց թիվը քիչ է, և մենք ունենք նորմալ աշխատանքային մթնոլորտ։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե իր և ԱԺ կրթության գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հարաբերությունները լարված են:

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ իրենց թիմում չկա իր հրաժարականի հարց:

Անդրադառնալով հարցին՝ թեստավորման ընթացքում բազմիցս արձանագրվել է, որ ուսուցիչները պոլիկլինիկաներում չեն պահպանում հակահամաճարակային կանոները, երեկ էլ արդեն դպրոցներում, նախարարությունն ի՞նչ քսյլեր է ձեռնարկում, վախ չկա՞, որ սա կարող է դառնալ բռնկման նոր պատճառ, հատկապես, որ ուսուցիչների մի մասն էլ չեն թեստավորվել, Հարությունյանն արձագանքեց. «Ցավոք սրտի, այդ մեկ-երկու դեպքերը որ արձանագվել են, կան և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք: Նախորդ շաբաթ, երբ այս համակարգը պետք է ներդրվեր և դասերը վերսկսվեին, ես ասել եմ՝ ամենևին չենք ակնկալում, որ առաջին օրվանից 100 տոկոսանոց համապատասխանեցում ենք ունենալու ուղեցույցին, բայց ունենք լավ արդյունք և այն դպրոցները, որոնք մենք այցելել ենք անձամբ, կլինեն դրանք Երևանում, թե մարզերում, այդ դպրոցներում արձանագրել ենք ուղեցույցի պահանջներին համապատասխանում»:

Հարությունյանը նշեց, որ այն սահմանփակումները, որոնք կան, ուղղված են ուսուցիչների և աշակերտների առողջության պահպանմանը և համավարակային այս պայմաններում նոր բռնկումներ թույլ չտալուն. «Որովհետև մենք չենք ցանկանում, որ ունենանք նոր լոկդաուններ և դպրոցները փակվեն: Մեր գործողությունները միտված են նրան, որ դա տեղի չունենա և մենք որքան հնարավոր է շուտ ձերբազատվենք այս կանոններից, որոնք սահմանված են համավարակի պայմաններում»,- նշեց նա:

Հարությունյանի խոսքով՝ դպրոցների գերակշիռ մասում հանգիստ վիճակ է և չեն ունեցել, չեն արձանագրել կանոնների խախտում: Նա հավելեց, որ պոլիկլինիկաններն էլ պարտավոր են հետևել կանոններին:

Անդրադառնալով մոտ մեկ տարի առաջ ՀՅԴ երիտասարդների՝ իր հրաժարականի պահանջին, երբ վերջիններս արկղեր էին բերել իր իրերն հավաքելու համար, ինչին ի պատասխան նախարարը նշել էր, որ պատրաստվում է լցնել տասնյակ քրեական գործերով այդ արկղերը և հետ ուղարկել Դաշնակցությանը, հարցին՝ ինչո՞ւ չի արել, նա պատասխանեց, որ դա պարզապես տեխնիկայի հարց է, որովհետև կարելի է անել մի քանի ժամում:

«Ինչո՞ւ, որովհետև կարելի է վերցնել այդ ցանկը դատախազությունից, սիրուն արկղիկներով փաթեթավորել այդ գործերը և ուղարկել Դաշնակցությանը, այն ժամանակ չեմ արել, որովհետև իրենք հանգստացան և գնացին տներով, և ես ավելորդ չէի ցանկանում, որ իրավիճակը այդ ուղղությամբ բարդանա, բայց եթե նրանք շարունակեն, ես էլ կվերանայեմ իմ գործելաոճը: Դրանք ցանկերով կախված են դատախազության կայքում, այսինքն բոլորը վերաբերում են նախորդ իշխանությանը, այդ թվում դաշնակցական նախարարի օրոք տեղի ունեցած չարաշահումներին»,- ասաց նա: