Այդ խելագարության կանխավարկածը, թե ԱՆ-ն տվել է այնպիսի ցուցումներ, որոնք կվնասեն մեր սերունդներին, չեմ կարողանում հասկանալ․ Արայիկ Հարությունյանը՝ դպրոցում պարտադիր դիմակ կրելու մասին
Դպրոցներում աշակերտների դիմակների կրման առումով մենք հետևում ենք նախկինում պարետատան, իսկ հիմա՝ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մենք այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք. ասել ենք, որ ուղեցույցը հընթացս կարող է փոփոխությունների ենթարկվել: Այս պահին դիմակների կրելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել, դպրոցներում լարվածություն չենք տեսնում: Դիտարկումներ ուսուցիչներից չենք ստացել»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ հիմնականում բողոքներն այն են, թե երեխաների մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ: «Մենք ուղիղ աշխատում ենք միջազգային առողջապահական կազմակերպության հետ, առողջապահության նախարարության հետ՝ այս գործընթացում մեր երեխաների և մեր աշակերտների գործոնը շահարկելու հետ կապված: Այդ երեխաները, 1-11-րդ դասարանների աշակերտները, մեր, մեր հարազատների, իմ գործընկերների, նախարարության աշխատակիցների ընտանիքներում մեծացող երեխաներ են և ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունը ընդունել է մի այնպիսի կանոնակարգ, կամ առողջապահության նախարարությունը մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որոնք ազդելու են մեր սերունդների առողջության վրա, ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ»,- նշեց նա:
Նախարարն ընդգծեց. «Մենք պետք է վերանանք այդ խելագրության կանխավարկածից, որ ընդունվում են որոշումներ, որոնք միտված մեր երեխաների առողջությանը վնասելուն։ Սա լուրջ չէ և լրատվամիջոցների, ԱԺ-ի որոշ գործընկերների կողմից սա տիրաժավորելը նույնպես լուրջ չէ: Մեր երեխաներին մի՛ դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց, որովհետև դա վտանգավոր տեղ է տանում»:
Նախարարը հավելեց, որ սեպտեմբերի 10-ի դրութամբ ունեն ուսուցիչներից 6000-ի թեստավորման արդյունք, որը ցույց է տալիս, որ վարակվածների թիվը մեկ տոկոսի սահմանում է, ինչը, ըստ նրա՝ շատ լավ արդյունք է:










