Մերկելն ու Թրյուդոն Բելառուսում ստեղծված իրավիճակն ու Նավալնու թունավորումն են քննարկել

04:19 • 16.09.20

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում ստեղծված հետընտրական իրավիճակն ու ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն առնչվող միջադեպը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կանադայի կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորագրությունը:

«Երկրների ղեկավարներն անդրադարձել են Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմային և կրկին դատապարտել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը, քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կարևորել ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտությունը»- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:  

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Իսկ Բելառուսում հետընտրական կրքերը չեն հանդարտվում արդեն մեկ ամսից ավելի. նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո ընդդիմությունը հայտարարեց ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ, մինչ այժմ մայրաքաղաք Մինսկում և երկրի այլ խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ ու իրավապահների հետ բախումներ են գրանցվում: