Իսրայելի վարչապետը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել

13:11 • 16.09.20

«Հյուսիսային լիգա» կուսակցությանից Իտալիայի Պատգամավորների պալատի  անդամ Պաոլո Գրիմոլդին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թեկնածությունն է առաջադրել, գրում է eadaily.com կայքը:

Իտալացի խորհրդարանականի խոսքով՝ հրեական պետության կառավարության ղեկավարը նախօրեին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին պատմական համաձայնագրի ստորագրմամբ զգալի ներդրում է ունեցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործում: Գրիմոլդին նաև անդրադարձել է Իսրայելի՝  Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության բարելավմանը՝ նշելով, որ դրա արդյունքում թագավորությունն արդեն օդային տարածքը բացել է իսրայելական ինքնաթիռների համար:

«Բոլոր այս ձեռքբերումները նույնիսկ մի քանի ամիս առաջ անհավանական կարող էին թվալ, ուստի՝ սրա համար Նեթանյահուն արժանին է Նոբելյան մրցանակի»,- նշել է Գրիմոլդին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական «Լիկուդ» կուսակցության երիտասարդական թևը, որի առաջնորդը Բենիամին Նեթանյահուն է, դիմել է իսրայելցի հայտնի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ-Իսրայել Աումանին՝ առաջարկելով  ԱՄԷ-ի հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու համար երկրի վարչապետի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել: