Ռուսաստանը «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին կուղարկի Հնդկաստան
Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու համաշխարհային առաջատար դեղագործական ընկերություններից մեկը համարվող Reddy's Laboratories Ltd-ն (Dr. Reddy's) պայմանավորվել են համագործակցել կլինիկական հետազոտություններ անցկացնելու և «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հնդկաստան մատակարարելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ հիմնադրամի տեղեկության՝ կարգավորող մարմիններից հաստատում ստանալուց հետո Հնդկաստանին 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարվի:
Նշվում է, որ մատակարարումը կարող է սկսվել 2020-ի վերջին` կլինիկական փորձարկումների արդյունքները ստանալուց և Հնդկաստանում պատվաստանյութի գրանցումից հետո:
«Dr. Reddy's-ի հետ համաձայնագիրը ցույց է տալիս, որ գնալով աճում է այն պետությունների և կազմակերպությունների թիվը, որոնք հասկանում են բնակչությունը կորոնավիրուսից պաշտպանելու համար պատվաստանյութերի ձևավորման դիվերսիֆիկացված մոտեցման կարևորությունը»,-ասված է հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։










