Թրամփը կորոնավիրուսի առկայությունը 15 րոպեում ստուգող նոր թեստ է ներկայացրել

15:39 • 16.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստաեթերի ժամանակ ներկայացրել է նոր թեստ, որը 15 րոպեում հայտնաբերում է կորոնավիրուսի առկայությունը. ամերիկյան Abbott ընկերության այս թեստը նա ցուցադրել է Փենսիլվանիա նահանգում ABC հեռուստաընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Թրամփը նշել է, որ թեստը հենց այդ օրն է թողարկվել, այնուհետև կոստյումի ներքին գրպանից դուրս է բերել փոքր տուփ, որից հանել է թեստը:

«Շատ բարդ բան է՝ չնայած, որ առաջին հայացքից չես ասի, թվում է ստվարաթղթի բարակ փոքր կտոր է ու վերջ»,- նշել է Թրամփը և մանրամասնել, որ թեստը ճշգրիտ արդյունքներ է ապահովում: 

Նախագահը հայտարարել է, որ մարդիկ  թեստերը կարող են իրենց մոտ պահել ու ստուգվել, քանի որ այն օգտագործման համար շատ հեշտ է:

Օգոստոսի վերջին ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը հայտարարել էր, որ գործող վարչակազմը 760 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Abbott ընկերության հետ՝ կորոնավիրուսի հակամարմինները ստուգող 15 միլիոն արագ թեստի ստեղծման նպատակով:


Առողջապահության նախարարության հայտարարության մեջ շեշտվում էր, որ թեստն անցնելու համար հատուկ սարքավորումներ պետք չեն լինի: Այժմ նախատեսվում է առաջին հերթին դպրոցներն այս թեստերով ապահովել: