Դատարանը չինացի միլիարդատիրոջը կուտակված պարտքերի պատճառով արգելել է ճոխ կյանք վարել
Դատարանը չինացի միլիարդատեր, HNA Group կոնգլոմերատի ղեկավար Չեն Ֆանին արգելել է իր վրա գումար ծախսել, քանի որ վերջինիս ընկերությունը մեծ պարտքեր ունի, գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ Չեն Ֆանն իրավունք չունի թռչել օդանավի առաջին կարգով, հանգստանալ թանկարժեք հանգստավայրերում և շքեղ հյուրանոցներում: Նրան արգելված է նույնիսկ տանը թանկարժեք վերանորոգում կատարել։
Միլիարդատերը մեծ գումար ծախսելուց առաջ պետք է հատուկ թույլտվություն ստանա։
Նման խիստ սահմանափակումների պատճառն այն է, որ ընկերությունն անտեսել է ընթացիկ տարվա մարտին դատարանի սահմանած կարգադրագիրը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Չինաստանի բնակչուհին ընկերությանը պատկանող Jubaohui հարթակի միջոցով ձեռք է բերել երկու ներդրումային արտադրանք:
«Երբ նա չի ստացել ներդրումային համաձայնագրի պայմաններով իրեն հասանելիք դիվիդենտնմերը, դատի է տվել ընկերությանը»,- գրում է աղբյուրը։
Դատարանի որոշմամբ՝ մինչև 2020 թվականի սեպտեմբեր ընկերությունը նրան պետք է վճարի 50 հազար դոլար։
Նշվում է, որ ընկերությունը վերջին տարիներին ֆինանսական ճգնաժամ է ապրում: Ինչպես պարզաբանում է ամերիկյան հրատարակությունը, տարիներ շարունակ HNA-ն թանկարժեք անշարժ գույք և բաժնեմասեր է գնել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ Hilton հյուրանոցների ցանցը, Deutsche Bank-ը և Virgin Australia ավիափոխադրողը:
Արդյունքում ընկերության մոտ ձևավորվել է տասնյակ միլիարդավոր դոլարների պարտք, ինչից հետո այն սկսել է վաճառել ակտիվները։










