Կորոնավիրուսի 100 դեպքից 2-ը անխուսափելիորեն մահ է. վարչապետ (տեսանյութ)

11:26 • 17.09.20

Նախորդ մեկ ամսվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի հետ կապված ունեցել ենք ամենօրյա 200-ից պակաս դեպք, բացի մեկ օրվանից, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է, երեկ 295 դեպք է եղել: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վիճակին:

Նա նկատեց, որ թեև թեստերի թիվը ևս ավելացել է և արդեն  երկու օր է` չորս հազարից  անցնում է, այնուամենայնիվ, ասաց` միտումը անհանգստացնող  է և բոլորի ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա:  «Ես երեկ մարտից հետո գործնականում առաջին անգամ խցանում նկատեցի և թերևս դա կապված է դպրոցների բացման հետ»,-ասաց նա:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեստավորումների թիվը մեծ է, բայց մենք նաև տոկոսային աճ ենք նկատում, այսօր յոթ տոկոս է կազմում, ինչը մտահոգիչ է: Ըստ նրա` դա կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման, առևտրի, հանգստյան տներից վերադառնալու հետ: Նա կոչ արեց պահպանել կանոնները, քանի որ դրանց պահպանումով կարող ենք զսպել թվերի աճը:

Վարչապետը նշեց, որ մեկ ապացուցված գործիք ունենք և դիմակի կրման պայմանները պետք է խոստորեն պահպանվեն և ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի, բայց այս ընթացքում բնականաբար քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները պահպանվեն: Նա կարևորեց դիմակի ճիշտ կրումը, որ այն փակի քիթը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չեն թողել, միայն մեկ դեպքի հետ կապված է ասել, բայց  այդ դեպքում էլ հարազատները հապաղել են ահազանգել: «Ըստ էության` կարող ենք ասել, որ չունենք դեպք, որ կորոնավիրուսով վարակվածը անհրաժեշտ բուժօգնությունը չի ստացել, բայց ամբողջ աշխարհում այնպես է, որ հարյուր դեպքից երկուսը անխուսափելիորեն մահ է»,-ասաց նա:

Նա նշեց, որ ըստ վերլուծության՝ այն երկրները, որոնք առավել խիստ սահմանափակումների են գնացել և կորոնավիրուսի ցուցանիշներով առավել լավ արդոյւնքների են հասել, տնտեսական առումով ունեն ամենախորը պրոբլեմները, և սրանք փոխկապակցված են: