Սիրիայում ռազմական հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողովը Թուրքիային և նրա հովանու տակ գտնվող ուժերին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ձևավորված «Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական հանցագործությունների ուսումնասիրման հանձնաժողովը» ներկայացրել է իր զեկույցը, որում Թուրքիային, ինչպես նաև այդ երկրի հովանավորության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորմանը և Սիրիայում գտնվող այլ ռազմական խմբավորումներին մեղադրում է երկրի քրդաբնակ տարածքներում ռազմական հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքալեզու ծառայությունը:
Զեկույցի համաձայն՜ երկրում գտնվող գրեթե բոլոր ռազմական սուբյեկտները կատարել են այնպիսի ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունները, տանջանքի ենթարկելը, բռնաբարությունները, բռնի տեղաշարժերն ու կողոպուտները:
Հանձնաժողովը, որի կազմում ներառվել են Պաուլո Սերժիո Պինեյրոն, Կարեն Կոնինգ Աբուզայդը և Հաննի Մեգալին, այս անգամ պատրաստել է 25 էջանոց զեկույց, որը վերաբերում է 2020 թվականի մարտի 5-ի հրադադարից հետո Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին:
Զեկույցում տեղ են գտել ուսումնասիրություններ, որոնք արվել են այս տարվա հունվարի 11-ից մինչև հուլիսի 1-ը:
«Ոչ ոքի ձեռքերը մաքուր չեն, ռազմական սուբյեկտներն ավելի շատ սարսափելի խախտումներ են անում, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչությանը»,-նշվում է զեկույցում:
Զեկույցում ասված է նաև, որ 2011 թվականից Սիրիայում սկսված պատերազմում այնպիսի խախտումները, ինչպիսիք են հարկադիր միգրացիան և ճնշումները, այդ թվում այն շրջաններում, որտեղ պատերազմ չի ընթանում, արվում է խաղաղ բնակիչներից շորթման միջոցով ֆինանսական շահ ստանալու նպատակով:










