Եվրախորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում Կիպրոսի և Հունաստանի տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ անելու համար

17:17 • 17.09.20

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:

Այս մասին գրում է eurointegration.com  կայքը:

Համապատասխան բանաձևը, որով պատգամավորները լիակատար համերաշխություն են հայտնում Հունաստանին և Կիպրոսին, պաշտպանել է 601 պատգամավոր, 57-ը դեմ է եղել, 36-ը ձեռնպահ է մնացել:

Հայտարարելով, որ ԵՄ-ն հստակ և վճռականորեն պաշտպանում է իր շահերը՝ եվրախորհրդարանականները Թուրքիային կոչ են արել անհապաղ դադարեցնել հետագա անօրինական հետախուզությունն ու հորատումը Միջերկրական ծովի արևելքում, զերծ մնալ Հունաստանի օդային տարածքի և Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերի սահմանները խախտելուց և վերջ տալ «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությանը»:

Նրանք ընդգծել են, որ հարցի լուծումը կարելի է գտնել միայն երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների միջոցով, և կողմերին, հատկապես Թուրքիային, կոչ են արել զինված ուժերը շտապ դուրս հանել տարածքից:

Միևնույն ժամանակ, նրանք Եվրոպայի խորհրդին կոչ են արել պատրաստ լինել հետագա սահմանափակումների մշակման, որոնք պետք է լինեն ոլորտային և նպատակային և չպետք է բացասաբար անդրադառնան Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ ապրող փախստականների վրա:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: