Այլասերումը վարչապետի կողմից է հովանավորվում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ միասին մենք նրա հրաժարականն էլ ենք պահանջում. ԲՀԿ երիտթևը բողոքի ակցիա արեց ԿԳՄՍ նախարարության դիմաց (տեսանյութ)
Մեր պահանջը հստակ է, պայքարելու ենք այնքան, մինչև Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևի կողմից ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը:
Հարցին՝ ինչպե՞ս են հասնելու Արայիկ Հարությունյանի հրաժարականին, եթե նրան նաև Նիկոլ Փաշինյանն է սատարում, Անդրեասյանը պատասխանեց.
«Եթե Նիկոլ Փաշինյանը սատարում է մի նախարարի, որն իր ամբողջ ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, հայոց եկեղեցին արժեզրկել է, փորձում է այնպես անել, որ դպրոցներում երեխաները 2-3-րդ դասարանից անցնեն սեռական կրթության դասընթացներ, հայոց եկեղեցու դասավանդումը հանվի, ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է երկրում այլասերմանը, եկեղեցու արժեզրկմանը»:
Նա ընդգծեց՝ գիտակցում են, որ Արայիկ Հարությունյանը, առանց բարձր իշխանության թույլտվության կամ աջակցության, չի կարող այս ամենն իրականացնել: «Մեզ համար պարզ է, որ այս այլասերումը վարչապետի կողմից է հովանավորվում: Մենք պահանջում ենք նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եթե սատարում է այլասերմանը, դեմ է եկեղեցուն: Արայիկ Հարությունյանի հետ ամբողջ իշխանությունը պետք է հեռանա երկրից, բարձր պաշտոններից»,-նշեց նա:
Հարցին՝ պատրա՞ստ են համագործակցել նույն օրակարգն ունեցող այլ ուժերի հետ, ԲՀԿ երիտասարդների միության նախագահն ասաց. «Կան քաղաքական ուժեր, որոնց հետ աշխատելը մեզ ընդունելի է: Մեր երիտասարդները շատ են: Պարտադիր չէ՝ նրանք լինեն կուսակցական կամ մեր քաղաքական հայացքները կիսեն: Մարդիկ պարզապես չեն ուզում ապրել այլասերված երկրում»:












