«Վաղվանից գործադուլ ենք անելու, մեզ ասացին՝ ոչ մի փոխզիջում չի լինելու». հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողները Կառավարության դիմաց պահանջում են մաքսազերծման հարմար պայմաններ (տեսանյութ)

15:14 • 17.09.20

16։16

Կառավարության դիմաց հերթական ակցիան անցկացրին նաև հագուստի ու կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները, որոնք պահանջում են վերանայել ներկրման մաքսային փոփոխությունները: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Վիրավորված ու ավելի համոզված եմ, որ մեր Կառավարության անդամները բանից անտեղյակ են: ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի բերած թվերը աբսուրդ, «բանից բեխաբար» մարդու բերած թվեր են»: 

Ակցիայի մասնակիցն ընդգծեց՝ առևտրականների գործը տարեցտարի վատանում է. «Եկել, կպել են հենց մեր մակարդակի առևտրականներին, որ պետք է հանգիստ թողնեին, որովհետև ոլորտն ինքն իրենով մարելու էր: Աբսուրդի ժանրից է այս պարագայում ինչ-որ բան թանկացնելը: Նշանակում է՝ մի ընկեք մոլերի «ոտքի տակ», հավաքվեք, գնացեք»,-ասաց նա:

Տնտեսվարողներից մեկն էլ կարևորեց, որ փոփոխությունների մասին նախապես չեն տեղեկացվել, հնարավորություն չեն ունեցել պատրաստվել կամ նախապես իրենց դժգոհությունը հայտնել: Նրա խոսքով՝ այս հարցով բողոքի ակցիաներ են իրականացվում նաև Վանաձորում և Գյումրիում, և հարկ եղած դեպքում վերջիններս Երևան կգան: Տնտեսվարողները պատրաստվում են մեծ ակցիա իրականացնել նաև վաղը՝ ժամը 10:00-ին:

15։14

Մեզ տեղեկացրին, որ խնդիրը ներկայացրել են վարչապետին: Այս մասին Կառավարության դիմաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց նրանցից մեկը՝ անդրադառնալով Կառավարության ներկայացուցիչներից մեկի հետ կայացած հանդիպմանը:

«Վարչապետը խոստացել է, որ հետևողական կլինի ու ինչ-որ լուծում կտա: Հուսով ենք՝ այսօր կամ վաղը կստանանք պատասխան: Դեռ հստակ չէ՝ այն դրակա՞ն, թե՞ բացասական կլինի: Մենք հասկանում ենք, որ այս պահին գլոբալ լուծում չի լինելու, դրա համար պահանջում ենք փուլ առ փուլ լուծել խնդիրը»,-նշեց նա՝ հավելելով, թե ՀՀ-ում հեղափոխության ընթացքում կանգնել են վարչապետի կողքին, որ ՀՀ քաղաքացիները նման խնդիրներ չունենան:

Նա կրկնեց՝ իրենք որևէ քաղաքական ուժի կողմից չեն թելադրվում, իրենք են նախաձեռնել ակցիան: ՌԴ մեկնել ցանկացողներն ընդգծեցին՝ ակցիան շարունակելու են այնքան, մինչև վերջնական որոշում կայացվի, ու իրենց խնդրին լուծում տրվի: