Թրամփը Ասանժին առաջարկել է ներում շնորհել՝ 2016 թվականի կիբերհարձակումների աղբյուրը մատնանշելու դիմաց

22:51 • 18.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս տեղեկություններ տրամադրի 2016 թվականին դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի սերվերների վրա հաքերային հարձակման աղբյուրի մասին: Այդ մասին հայտարարել Է Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը, գրում է The Guardian-ը։

Նրա խոսքով՝ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Դանա Ռորաբաքերը և ոմն օգնական Չարլզ Ջոնսոնը, որը կապեր է ունեցել Թրամփի նախընտրական շտաբի հետ:

Ռոբինսոնի խոսքով՝ նրանք ներման դիմաց առաջարկել են տեղեկություններ տրամադրել 2016 թվականին դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի սերվերների վրա հաքերային հարձակման աղբյուրի մասին։

2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական նախընտրական արշավի շրջանում WikiLeaks-ը հրապարակել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ներքին նամակագրությունը, ինչը բացասաբար Է անդրադարձել դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ժողովրդականության վրա:

2010թ. Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011թ. որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012թ. նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018թ. ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել: