«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին նվերներ է ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին, տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարչապետի տիկինը չի կարողացել անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին: Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում Աննա Հակոբյանը գրել է՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:
«Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել Աննա Հակոբյանի աջակցության և հոգածության ներքո»,– ասվում է տարածված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դադարեցնել Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, ինչից հետո աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։
Գևորգ Թամամյանի դիմումից հետո Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմն ի նշան բողոքի՝ աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Միջադեպի արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։











