Այս տեսքով այն հակասում է ռազմավարական ծրագրերին. Արտակ Մանուկյանը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Դուք նախագծում նշել եք, որ օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2030 թվականին, այսինքն՝ հիմա կանխորոշում ենք, որ տասը տարի հետ ուժի մեջ պետք է մտնի: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը ներկայացնում էր «Կինեմատոգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Գրել եք բյուջետային հատկացումների 0,1 տոկոս ֆոնդ է գալիս, արտաբյուջեների պրակտիկան դադարեցրինք, որ ամրակցված չլինի, հիմա նորի՞ց հետ ենք դառնում դրան, հիմա անունը դնենք հիմնադրամ, իքս, զեթ, իգրեկ դրանից բովանդակային բան չի փոխվել: Այս տեսքով օրենքը հակասում է ռազմավարական ծրագրերին, ինչ փաստաթուղթ ուզենք՝ հակասում է»,- ասաց Արտակ Մանուկյանը:
Պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք ավելի լավ չէր լինի նախ «Կինոյի մասին» օրենքի «կարկասը» դնել և ոչ թե 2030 թվականի համար փոփոխություններ նախատեսել:
Աննա Կոստանյանը պարզաբանեց, որ տարբեր ժամկետներ սահմանելու պահանջը բխել է կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչների ներկայացրած հիմնավորումներից: «Օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից որոշակի ժամանակ անց և որոշակի դրույթներն են 2030 թվականին մտնում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արտակ Մանուկյանի կողմից հնչեցված ֆինանսական մտահոգություններին, ապա նախագծի զեկուցողն ասաց, որ թեև դրանք հասկանում են նախատեսված արտոնություններին, բայց համարում է, որ այս օրենքով պետությունը փորձելու է իր մոտեցումը ցույց տալ կինոյի ոլորտի զարգացման հանդեպ։










