«Շատ վիրավորված ենք․ երբ վարչապետի հետևից գնալ էր պետք, գնում էինք, այդ ժամանակ լավն էինք». հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվողները բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)
13:30
Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ հանդիպեցինք, քննարկել ենք բոլոր հնարավոր հարցերը: Այս մասին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց, որ խոստացել են բոլոր հարցերը քննարկել և պատասխան տալ: «Ակցիան այսօր այսքանով կդադարեցվի, մինչև պատասխանը կլինի: Մենք եկել էինք վարչապետի հետ հանդիպելու, բայց շնորհակալ ենք, որ մեզ դիմավորողներն էլ լսել են մեզ»:
Ըստ նրա՝ պատասխանի վերաբերյալ ենթադրություններ չեն կարող անել:
Տնտեսվարողներ կան, որոնք դժգոհ են Կառավարության կողմից տրված պատասխանից, քանի որ ըստ նրանց՝ իրավիճակը անհասկանալի է, բայց կարող էին շատ հեշտ լուծում տալ, այլ ոչ թե ձգձգել:
«Մենք չենք հավատում, նորից խաբել են, պետք է մեր ապրանքը ստանանք, հիմա մինուսներ ունենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները քայլերթ են սկսելու:
Բաբկեն Թունյանի հետ զրույց չի եղել, պարզապես կտրուկ պատասխանել է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու, փոխզիջում չի լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը, ով մասնակցում է Կառավարության դիմաց արվող բողոքի ակցիային։
Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։
Ակցիայի մասնակիցը նշեց, որ որևէ փոփոխություն չի եղել և մաքսազերծման գները չեն փոփոխվել, որը որոշվել էր ՊԵԿ-ի կողմից։ Նա ներկայացրեց, որ թե՛ մարզերում, թե՛ Երևանում մեծածախ և մանրածախ շուկաների աշխատողները գործադուլ են հայտարարել, շուկաները փակ են։
«Այսօր բողոքի ակցիան շարունակելու ենք, վարչապետը պետք է մեզ լսի: Շատ վիրավորված ենք, երբ վարչապետի հետևից գնալ էր պետք, գնում էինք, այդ ժամանակ լավն էինք, բայց չենք կոտրվի, կսպասենք, մինչև մեզ կլսեն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հիասթափվել չի ցանկանում, դրա համար ուզում է մտածել, որ այսօր կարող են հանդիպել Փաշինյանի հետ:












