Forbes-ը ներկայացրել է ՌԴ պետծառայողների 20 ամենահարուստ կանանց և ամուսինների ցանկը, որում ընդգրկվել է նաև հայազգի ներկայացուցիչ (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ՌԴ պետական ծառայողների 20 ամենահարուստ կանանց ու ամուսինների ցանկը, որը գլխավորել է Կամչատկայի երկրամասի օրենսդիր ժողովի պատգամավոր Իգոր Եվտուշկոյի կինը, որի անունը չի նշվում: Նա նախորդ տարում գրանցել է 3,12մլրդ ռուբլի եկամուտ:
Երկրորդ հորիզոնականում «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի կինը` Եկատերինա Իգնատովան է, որը նախորդ տարում ունեցել է 1,49 մլրդ ռուբլի եկամուտ: Լավագույն եռյակը եզրափակում է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի կինը` Օլգա Բոգոմազը՝ 1,38 մլրդ ռուբլի ցուցանիշով:
Ցանկում է ընդգրկվել նաև Յարոսլավլի շրջանային դումայի պատգամավոր Տիգրան Ղազարյանի կինը` Վալենտինա Ղազարյանը, որը 205 մլն ռուբլի ցուցանիշով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, 12-րդ տեղում է: Նախորդ տարում Նավկան գրանցել է 235,9 մլն ռուբլի եկամուտ:
Մինչդեռ հայկական արմատներով պրոդյուսեր և հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, որն ամուսնացած է «Ռոստեխ» պետական կորպորացիայի՝ հատուկ հանձնարարականների գծով տնօրեն Վասիլի Բրովկոյի հետ, 159 մլն ռուբլի ցուցանիշով 18-րդ տեղում է:
Լուսանկարում Տիգրան Ղազարյանն է










