Էլիզաբեթ 2-րդը Հարվի Վայնշտեյնին զրկել է պատվավոր կոչումից (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կարգադրությամբ սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար դատապարտված հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը զրկվել է Բրիտանական կայսրության շքանշանից, տեղեկացնում է Daily Mail-ը։
«Թագուհին կարգադրել է չեղյալ հայտարարել 2004 թվականի հունվարի 29-ին Հարվի Վայնշտեյնին ընծայված Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր ասպետի կոչումը»,- ասված է թագավորական պալատի հայտարարության մեջ:
Հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը Բրիտանական կինոարդյունաբերության զարգացման գործում ունեցած ավանդի համար պատվավոր կոչման էր արժանացել 2004 թվականին։
Այս տարվա մարտի 11-ին Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման են դատապարտել։ Փետրվարին երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել բռնաբարության համար։
Պրոդյուսերի դեմ մեղադրանքներ առաջին անգամ ներկայացվել են 2017 թվականի վերջին The New York Times-ի էջերում։ Հրատարակությունը շատ երիտասարդ դերասանուհիների և պրոդյուսերին ենթական անձանց մասին է գրել, որոնք 30 տարվա ընթացքում պարբերաբար տուժել են նրա գործողություններից։
Ավելի ուշ Վայնշտեյնի հետ իրենց հարաբերությունների մասին է պատմել ավելի քան 80 կին, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Սալմա Հայեկը։ Մայիսի 29-ին նրան արդեն մեղադրել են անչափահասի և ևս երեք զոհի բռնաբարության համար։













