Արդեն հույսս կորցրել եմ․ վարձով բնակվող չորս երեխաների միայնակ մայրը աջակցության համար դիմել է ուր պատահի, բայց ոչ մի արդյունք (տեսանյութ)
Չորս երեխաների միայնակ մայր՝ Անահիտ Սեդրակյանը բնակվում է վարձով, երեխաններին կացարանով ու օրվա ապրուստով ապահովելու համար երկու տեղ է աշխատում, մի կերպ «ծայրը ծայրին» է հասցնում։
Tert․am-ի հետ զրույցում Անահիտ Սեդրակյանը պատմեց՝ աջակցության համար դիմել է ուր պատահի, բայց ոչ մի արդյունք։
Անահիտ Սեդրակյանի խոսքով՝ երկու տարի առաջ բնակարան տրամադրելու հարցով դիմել էր քաղաքապետարանին, սակայն մերժում էր ստացել: Երևանի քաղաքապետարանից Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասացին՝ քաղաքապետարանը սոցիալապես անապահով քաղաքացիների բնակարանային խնդրի լուծման նպատակային ֆոնդ չունի։
Իսկ Անահիտ Սեդրակյանի՝ ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի վերաբերյալ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց՝ չորս երեխաների մոր ընտանեկան նպաստ չունենալու պատճառն այն է, որ Անահիտ Սեդրակյանը, 4 երեխաների հետ 2016 թվականից հաշվառված է այլ հասցեում, իսկ այժմ բնակվում է այլ հասցեում։
Անահիտ Սեդրակյանը տան գրանցման խնդրի մասին ասաց․ «Ներկայումս վարձով եմ բնակվում, տան տերն էլ համաձայն չի, որ այստեղ գրանցվեմ, դա էլ իր իրավունքն է, թույլ կտա գրանցվեմ, թե չէ»։
Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Նոր Նորքի Սոցիալական աջակցության տարածքային բաժինը կապի մեջ է ընտանիքի հետ և գործուն քայլեր է ձեռնարկել նրան օգնելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։










