Բիլ Գեյթսը կարծիք է հայտնել, թե երբ կավարտվի «Քովիդ-19»-ի համավարակը

23:40 • 20.09.20

«Քովիդ-19»-ի համավարակը լավագույն դեպքում կավարտվի 2022 թվականին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:

Գեյսթին հարց են ուղղել, թե երբ կարող է ընդհանուր առմամբ կարգավորվել սանիտարա-համաճարակային իրավիճակն ԱՄՆ-ում և ողջ աշխարհում:

«Եթե պատվաստանյութի կիրառումը, ինչպես հուսով ենք, հաստատվի 2021 թվականի սկզբին, ապա իրավիճակն ԱՄՆ-ում կսկսի վերադառնալ բնականոն հունին հաջորդ ամռանը, և մեր գործունեությունը կկարգավորվի հաջորդ տարվա վերջին, եթե իհարկե մենք օգնենք նաև այլ երկրներին»,- պատասխանել է գործարարը:

«Համաճարակը լավագույն դեպքում կավարտվի 2022 թվականին: Սակայն 2021թ.-ի ընթացքում գլոբալ մոտեցման պարագայում մենք պետք է նվազեցնենք վիրուսի տարածման ցուցանիշները: Բարեբախտաբար, պատվաստանյութերի մշակման տեխնոլոգիաներն արդեն առկա էին, ֆինանսավորումը նույնպես ստացվել է, իսկ ընկերությունները ներգրավել են իրենց լավագույն մասնագետներին: Այդ իսկ պատճառով դրական եմ տրամադրված, որ այս ամենը հավերժ չի տևելու»,- հավելել է Գեյթսը:

Նրա գնահատմամբ՝ համավարակի ժամանակ պատվաստման մակարդակը ողջ աշխարհում նվազել է 14 տոկոսով՝ «զրոյացնելով առաջընթացը, որն արձանագրվել էր նախորդ 20 տարիների ընթացքում»: