Մինսկում ընդդիմության ցույցին ընդառաջ՝ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն է ժամանել Անկախության պալատի մոտ
Մինսկում ընդդիմության հերթական հանրահավաքին ընդառաջ ոստիկանական հատուկ տեխնիկայի շարասյուն և ներքին զորքերի բեռնատար է տեղակայվել Անկախության պալատի և Պետական դրոշի հրապարակի մոտ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, առաջինը ժամանել է ներքին զորքերի զինվորներին տեղափոխող բեռնատարը: Նրանք հսկողության տակ կառնեն «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը և Պետական դրոշի հրապարակը: Նշվում է, որ ոստիկանները պատնեշներ են տեղակայում հուշակոթողի մոտ:
Որոշ ժամանակ անց Հաղթողների պողոտայով դեպի Անկախության պալատ է շարժվել 10 զրահափոխադրիչ մեքենաների շարասյունը: Բացի այդ, հաղորդվում է, որ ոստիկանները փակել են ճանապարհային երթևեկությունը մի շարք փողոցներում:
Այսօր բելառուսական ընդդիմությունը ծրագրում է բողոքի ակցիա իրականացնել Մինսկի կենտրոնում և այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ նախօրեին Մինսկում կայացել է կանանց երթը, որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով: ՆԳՆ տվյալներով՝ 415 մարդ է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ու երթերը Բելառուսում շարունակվում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներով հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:










