Կայացան ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին նվիրված 1-ին հուշամրցաշարի բացման արարողությունն ու մրցաշարի առաջին հանդիպումները (տեսանյութ)
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցան կյանքից վաղաժամ հեռացած ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը և մրցաշարի առաջին հանդիպումները, որին մասնակցում էր 8 սիրողական թիմ։
Խաղերն անցկացվում են Օլիմպիական խաղերի սկզբունքով։
Մրցաշարի՝ լրագրողների հավաքականի ավագ, կազմակերպիչ Դավիթ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին հուշամրցաշարը ժամանակի սուղ լինելու պատճառով համեստ է անցկացվում, սակայն կավարտվի հանդիսավոր կերպով։
Ներկաների գնահատմամբ՝ Լևոն Ղասաբօղլյանի ավանդը Հայաստանի մանկապատանեական ֆուտբոլի զարգացման գործում անգնահատելի է, նա իր գործունեությամբ ինքնադրսևորման հնարավորություններ է ստեղծել ոչ միայն ֆուտբոլը սիրող պատանիների համար, այլև ապագա մարզական լրագրողների համար։
Ներկաներից Կարեն Գիլոյանը նշեց․ «Հուշամրցաշար երևույթը սպորտում շատ մեծ կարևորություն ունի, այսպես մենք հիշում ենք կյանքից վաղաժամ հեռացած մարզիկների անունները և նրանց կատարած գործը»։
Այս մտքի հետ համաձայն է նաև «Սպորտը բոլորի համար» ՀԿ ղեկավար Յուրի Մամիկոնյանը, որի կարծիքով՝ Լևոն Ղասաբօղլյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում։
Յուրի Մամիկոնյանը վստահեցնում է՝ կանեն ամեն ինչ, որ հաջորդ անգամ մրցաշարին մասնակցեն այն ֆուտբոլիստները, որոնց հետ աշխատել է Լևոն Ղասաբօղլյանը։










