«Սերը բուժում և կյանքի է վերադարձնում ձեզ». Նավալնին պատմել է կոմայում եղած ժամանակ կնոջ հոգատար վերաբերմունքի մասին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր ինսթագրամյան էջում պատմել է իր կնոջ` Յուլիա Նավալնայայի, հոգատարության մասին, երբ ինքը կոմայի մեջ է եղել: Գրառման մեջ նա մասնավորապես ասել է.
«Օգոստոսի 26-ին իմ և Յուլիայի հարսանիքի 26-ամյակն էր, բայց ես նույնիսկ ուրախ եմ, որ բաց եմ թողել և կարող եմ գրել սա հիմա, երբ սիրո մասին մի փոքր ավելին գիտեմ, քան մեկ ամիս առաջ:
Դուք, իհարկե, դա հարյուր անգամ տեսել եք ֆիլմերում և կարդացել եք գրքերում. մի սիրող մարդը պառկած է կոմայի մեջ, իսկ մյուսը նրան կյանքի է վերադարձնում իր սիրով և հոգատարությամբ: Իհարկե, մենք նույնպես այդպես վարվեցինք` կոմայի և սիրո մասին ֆիլմերի կանոններով: Ես քնած էի, Իսկ Յուլյան գալիս էր, խոսում էր ինձ հետ, երգեր էր երգում, երաժշտություն էր միացնում: Չեմ ստի, ոչինչ չեմ հիշում:
Բայց կասեմ այն, ինչը հստակ հիշում եմ: Չնայած դժվար թե դա հիշողություն անվանվի, ավելի ճիշտ առաջին էմոցիաների և տպավորությունների հավաքածու: Սակայն այն ինձ համար այնքան կարևոր է, որ ընդմիշտ տպվել է գլխումս: Ես պառկած եմ: Ինձ արդեն դուրս են բերել կոմայից, բայց ես ոչ ոքի չեմ ճանաչում, չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Չեմ խոսում ու չգիտեմ թե ինչ է խոսելը: Եվ իմ ամբողջ ժամանակի անցկացումը կայանում է նրանում, որ ես սպասում եմ նրա գալուն: Անհասկանալի է, թե ով է նա: Չգիտեմ նաև, թե ինչ տեսք ունի: Նույնիսկ եթե հաջողվում է չկենտրոնացած հայացքով ինչ-որ բան տեսնել, ապա պարզապես չեմ կարողանում հիշել պատկերը: Բայց նա ուրիշ է, ես դա հասկանում եմ և ամբողջ ժամանակ պառկած նրան եմ սպասում: Նա գալիս է և դառնում է գլխավորը պալատում: Նա շատ հարմար ուղղում է իմ բարձը: Նա հանդարտ, ցավակցող տոնով չի խոսում: Նա ուրախ է խոսում և ծիծաղում է: Նա ինձ ինչ-որ բան է պատմում: Երբ նա կողքիս է, հիմար տեսիլքները նահանջում են: Նրա հետ շատ լավ է: Հետո նա գնում է, ես կրկին տխրում եմ ու սկսում եմ նրան սպասել»:
«Մեկ վայրկյան չեմ կասկածում, որ սրա գիտական բացատրությունը կա: Թե ինչպես ես ընկալեցի կնոջս ձայնի տոնը, ուղեղս դոֆամիններ էր արտազատում, ինձ համար ավելի հեշտ դարձավ: Յուրաքանչյուր այց բառացիորեն դառնում էր ապաքինող, և սպասման ազդեցությունը մեծացնում էր դոֆամինի պարգևը: Բայց որքան էլ որ հնչի գիտական և բժշկական բացատրությունը, ես հիմա հաստատ գիտեմ իմ սեփական փորձից. Սերը բուժում և կյանքի է վերադարձնում ձեզ: Յուլիա, դու փրկեցիր ինձ, և թող դա գրվի նյարդակենսաբանության դասագրքերում»:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:










