Մինչև 2050 թ. ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, յոթնապատկել միջին աշխատավարձը․ վարչապետը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը (տեսանյութ)

12:04 • 21.09.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ նշելով, թե մինչ այս նախորդ 30 տարվա ռազմավարություն չի եղել, ինչը գուցե նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:

Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է՝ հասկանալու համար՝ ուր ենք գնում, ինչ ենք ուզում և ինչպիսին ենք պատկերացնում ՀՀ-ն 2050-ին: Այս պահից սկսած՝ Կառավարության ցանկացած որոշում պետք է միտված լինի այս գաղափարի, տեսլականի իրագործմանը: Սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն և պլան: Մենք ձևակերպում և բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը եթե մի քիչ ավելի ոչ պաշտոնական ձևով ասելու լինենք, գուցե կարելի է ձևակերպել նաև որպես երազանք»,-ասաց նա՝ նշելով, թե սրանք ոչ միայն ենթադրում են կանոնակարգերի, օրենքների փոփոխություն, այլև խորքային առումով փոփոխություն հանրության շրջանում:

Այսպիսով, վարչապետի խոսքով, ռազմավարությունը, որն ունի գաղափար, տեսլական, գործողություն, նշանակությունը պետք է լինի գործնական. «Ռազմավարության տեսանկյունից մենք առանձնացնում ենք 4 առաջնորդող արժեքներ, որոնք պետք է գործառնական և գործնական նշանակություն ունենան այդ ռազմավարությունը ներկայացնելիս»,-ասաց նա՝ նշելով այդ 4 արժեքները՝

·         Հայոց պետականություն

·         Կրթություն

·         Անհատ

·         Աշխատանք։

Նրա խոսքով՝ գաղափարական հենքը, որ դրված է ռազմավարության հիմքում, ազգային նպատակներն են. դրանք են՝

·         Հայկական պետականության հավիտենականության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, ինստիտուցիոնալ պայմանների ապահովում

·         ՀՀ քաղաքացիության և քաղաքացու արժևորում՝ նրանց անվտանգության, ազատության, բարեկեցության և երջանկության ապահովման և պաշտպանության համար

·         Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ՝ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային  ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում՝ հայոց լեզվի իմացության մակարդակի և ՀՀ քաղաքացիություն ունեցողների թվի էական մեծացման շնորհիվ,

·          Համահայկական ներուժի համախմբում՝ ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման, օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային համերաշխության հաստատում:
 




Փաշինյանի խոսքով՝ ռազմավարական կարևորագույն գաղափարը Հայաստանի հանդեպ միլիոնավոր անհատների վերաբերմունքը փոխելն է: Ռազմավարությունը, ըստ Փաշինյանի, պետք է կառուցվի այնպես, որ Հայաստանը լինի ոչ միայն ապրելու, այլև աշխատելու ամենագերադասելի վայրն աշխարհում:

Հաջորդ ռազմավարական խնդիրը վերափոխելն է հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը ՀՀ-ի հանդեպ: «Ամեն տարվա, տասնամյակի հետ ՀՀ-ն պետք է ավելի գրավիչ դառնա որպես ներդրումային վայր, որպես իրավահավասար գործընկեր միջազգային հարաբերությունների համատեքստում, և որպես զբոսաշրջության ցանկալի վայր»,-նշեց նա:

Ներկայացնելով տեսլականը՝ ՀՀ վարչապետը նշեց, թե ինչպիսի ցուցանիշներ են ակնկալվում 2050-ին, որոնք մի կողմից կլինեն ռազմավարության արդյունք, մյուս կողմից՝ ռազմավարության իրագործման շատ կարևոր ցուցանիշ:

Այսպիսով, մինչև 2050 թ.-ը՝

·         ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի,

·         ստեղծել 1500 նոր աշխատատեղ,

·         հաղթահարել աղքատությունն աշխատանքով,

·         20-ապատկել ՀՀ  համախառն ներքին արդյունքը,

·         7-նապատկել միջին աշխատավարձը,

·         առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցնել 90 տարվա,

·         մեկ շնչի հաշվով ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը,

·         ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը,

·         սովորելը դարձնել ազգային ապրելակեպ,

·         բուհերի միջազգային վարկանիշի առաջին երկուհարյուրակում ունենալ առնվազն 3 բուհ,

·         ՀՀ-ն դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր,

·         ունենալ մինչև 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 000 աշխատող ստարտափ,

·         ունենալ առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմակայուն և էներգաարդյունավետ ՀՀ,

·         կրկնապատկել ՀՀ անտառածածկ տարածքները,

·         նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ,

·         ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր,

·         նվաճել շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչում,

·        ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 15 մլն-ի։

Վարչապետն ընդգծեց, թե այս ռազմավարության իրականացման համար ձևակերպել են 16 մեգանպատակ.

1.      Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ

2.      Պաշտպանված ՀՀ

3.      Արդյունավետ և հաշվետու կառավարում

4.      Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ

5.      Իրավական ՀՀ

6.      Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք

7.      Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում

8.      Մաքուր և կանաչ ՀՀ

9.      Տարածքային խելամիտ զարգացում

10.    Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն

11.    Մեծ հայրենադարձություն և ինտեգրում

12.    Աշխարհի հետ կախված Հայաստան

13.    Վերականգնվող և հանրամատչելի էներգիա

14.    Գործարարների համար գրավիչ ՀՀ

15.    Գիտելիքահենք ՀՀ

16.    Ճանաչված, հարգված, հյուրընկալ ՀՀ։