99 տարեկանում մահացել է PepsiCo ընկերության նախկին տնօրենը

13:51 • 21.09.20

ԱՄՆ-ում 99 տարեկանում մահացել է PepsiCo ընկերության նախկին տնօրեն Դոնալդ Քենդալը, գրում է CNN-ը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ գործարարը մահացել է բնական մահով՝ շրջապատված ընտանիքի անդամներով: Հայտնի է, որ Քենդալը ԽՍՀՄ-ում և Չինաստանում բիզնես զարգացնող ամերիկացի առաջին ձեռնարկատերերից է եղել: Նշվում է, որ հենց նրա շնորհիվ է Pepsi ըմպելիքը խորհրդային շուկայում հայտնվել: 

Մոսկվայում 1959 թ.-ին կայացած ամերիկյան արդյունաբերական արտադրանքի ազգային ցուցահանդեսի ժամանակ Դոնալդ Քենդալը հանդիպել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի հետ և ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի ներկայությամբ Խորհրդային Միության ղեկավարին առաջարկել է փորձել Pepsi-ի համը: 

1970-ական թվականներին PepsiCo-ի ղեկավարն արդեն Մոսկվայում բանակցություններ է սկսել ԽՍՀՄ-ում խմիչքի արտադրության և վաճառքի հարցերով: Արդյունքում Խորհրդային միությունում ամերիկյան ընկերության ապրանքի արտադրության համար գործարաններ են բացվել: