Լուրեր կան, որ անձնակազմը մնալու է անգործ, զրոյից աշխատակազմ է ստեղծվելու. Էդմոն Մարուքյանը՝ համալիր սոցիալական ծառայության ստեղծման մասին

12:43 • 22.09.20

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով Կառավարությունն առաջարկում է նախատեսվող Սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվի համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթներ:

Նախագիծը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե լուրեր կան, որ պատրաստվում եք անձնակազմը թողնել անգործ և զրոյից աշխատակազմ ստեղծել: «Այնտեղ կան հարյուրավոր մարդիկ, ավանդ ունեցող, նրանք ի՞նչ երաշխիք ունեն, որ իրենց հետ պայմանագիրը կնքվելու է, թե՞ զրոյից մրցույթներ եք անելու»,-ասաց պատգամավորը:

Աննա Ժամկոչյանը պատասխանեց, որ հնարավորություն են ստեղծում վաստակ ունեցող աշխատակիցներին ժամկետային պայմանագրով անմիջապես նշանակելու և սահմանված կարգով մրցույթներ կազմակերպելու, և բոլորը հավասար իրավունքով կկարողանան մասնակցել:

Էդմոն Մարուքյանն օրինակ բերեց, որ մի քանի տվյալ ունեն, օրինակ՝ գերատեսչությունների գլխավոր քարտուղարների մրցույթներից, որոնք չէր ասի, թե արդար են անցկացվել: «Հիմա նույն կասկածները այդտեղ են լինելու, թե որքան է այդ մրցույթը լինելու արդար և երկար տարիներ աշխատած մարդկանց ուղղակի դուրս թողնելու լավ մեխանիզմ է և այդ երաշխիքը չեք կարող տալ»,-ասաց նա:

Աննա Ժամկոչյանն արձագանքեց, որ որևէ պետական գործիչ չի կարող երաշխիք տալ մրցութային կարգով անցկացվող գործընթացին, դա կլինի հակաօրինական: «Արդարությունը երաշխավորում ենք և ես ոչ մի հիմք չունեմ մրցույթներին կասկածելու համար»,-ավելացրեց նա: