Մենք չպետք է հոնքը շտկելու փոխարեն աչքը հանենք. Նաիրա Զոհրաբյանը՝ համալիր սոցիալական ծառայության ստեղծման մասին (տեսանյութ)
Գաղափարը միանշանակ ընդունելի է, որովհետև մենք բազմիցս խոսել ենք մեկ պատուհանի ինստիտուտի կարևորության մասին, որ քաղաքացին մեկ խնդիր լուծելու համար տասը պատուհան և տասը կառույցներ չդիմի: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով Կառավարությունը առաջարկում է նախատեսվող սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվի համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթներ:
Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց, որ այս համակարգը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը, երբ մահացածները տարիներ շարունակ ստանում էին թոշակ, հետո այդ մահացածները գնում էին ընտրության: «Մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, մենք չպետք է ունքը շտկելու փոխարեն աչքը հանենք»,-ասաց նա և նկատեց, որ մենք դեռ չունենք անգամ համակարգված միասնական տեղեկատվական բազա:
Պատգամավորը նշեց նաև, մենք ունենալու ենք սոցիալական աշխատողի խնդիր, ինչը լուրջ մասնագիտություն է, որ կարողանա աշխատել այդ խավի հետ: «Չե՞ք կարծում, որ համակարգը իսկապես դեռևս պատրաստ չէ այս կարևոր ինստիտուտի՝ մեկ պատուհանի ինստիտուտի ներդրմանը»,-ասաց նա՝ դիմելով Կառավարությանը:










