Ղազախստանում տղամարդը երեխաների դաստիարակության մեթոդների շուրջ վեճի ժամանակ 3 մարդ է դանակահարել

16:19 • 22.09.20

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա մի տղամարդու, որը երեխաների դաստիարակության հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երեք մարդ է դանակահարել, գրում է eadaily.com կայքը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսվել է երեխաների դաստիարակության մեթոդների մասին վիճաբանությունից: 

«Կասկածյալին դուր չի եկել, թե ինչպես է իր ծանոթը զրուցել մանկահասակ որդու հետ: Տղամարդը երեխայի դաստիարակման մեթոդների շուրջ անհամաձայնության հողի վրա վիճաբանության մեջ է մտել բաժակակցի հետ ու խոհանոցային դանակով նրա որովայնին երեք հարված հասցրել»,- հայտնել են ոստիկանությունից:

Նշվում է, որ ավելի ուշ հանցագործը փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն շքամուտքի մոտ հանդիպել է հարևանին, որին ևս մի քանի հարված է հասցրել: Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել. հարևանի կինը, աղմուկի ձայնը լսելով, շքամուտք է վազել ու նույնպես հարվածներ է ստացել: 

Հայտնի է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները 15 րոպեում գտել ու ձերբակալել են կասկածյալին: Պարզվել է, որ նա նախկինում դատապարտվել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: