Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով երեք անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է
Գնդեվազի բնակիչներին ակտիվիստների կողմից սեպտեմբերի 15-ին ծեծելու միջադեպի համար երեք անձ է ձերբակալվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 258-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Մասնավորապես՝ ցուցարարները «ռազբորկայի» էին կանչել Ամուլսարում վերսկսված որոշ աշխատանքներում ներգրավված Գնդեվազի բնակիչներին և ըստ տեղեկությունների՝ ցուցարարները եղել էին մահակներով զինված։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցներից մի քանիսը մարմնական վնասվածքներ էին ստացել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։










